«Հայոց Աշխարհ օրաթերթի այս տարվա 5-րդ համարի առաջին էջում տպագրվել է «Կեցցես «Հատիս» և Շնորհակալություն» խորագրով հոդված, որը ամբողջությամբ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը։Սպորտի սիրահարները, անգամ մարզաշխարհի անցուդարձով այնքան էլ չհետաքրքրվողներն արդեն տեղյակ են, որ նախօրեին Երեւանի «Հատիս» բասկետբոլի կանանց ակումբը Եվրոպայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակչի պատասխան արտագնա խաղում 65։80 հաշվով պարտվեց Օրենբուրգի «Նադեժդային» եւ դուրս մնաց հետագա պայքարից։
Չնայած այդ ցավալի հանգամանքին, սա այն դեպքն է, երբ իսկապես սրտանց ցանկանում ես ասել՝ «Կեցցե՛ս «Հատիս» եւ շնորհակալություն»։ Շնորհակալություն աշխարհի տարբեր երկրներից մեր թիմի կազմում համախմբված բոլոր աղջիկներին, թիմի գլխավոր մարզիչ Գեորգի Ղազանչյանին, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանին, ակումբի ղեկավարներին, մեկ տարով ակումբի հովանավորությունն ստանձնած «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին։
Մի խոսքով, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր անհավանական կարճ ժամկետում կարողացան իրականություն դարձնել, թվում է թե անհավանականը. ավելի քան 20-ամյա դադարից հետո վերականգնել մարզական հրաշալի էջեր արձանագրած ակումբը, ու ոչ թե սոսկ մասնակցել Եվրոպայի գավաթի խաղարկությանը, այլ համարձակորեն ընդունել մարտահրավերն ու, հաղթահարելով խմբային փուլը, անցնել «փլեյ-օֆֆ» փուլ։
Քաղաքականահար եղած, ճգնամզված, փնթփնթան-մուննաթոտ եւ, ընդհանուր առմամբ, գորշավուն մեր իրականության մեջ «Հատիսը», ինչ-խոսք, լուսավոր դրսեւորում է։ Ինչ-որ առումով, կարելի է ասել նաեւ՝ լուսավոր երեւույթ, որն արժե դիտարկել թե՛ մարզական, թե՛ հասարակական տեսանկյունից։
Սկսենք մարզականից։
Ճիշտ է, մեր մարզական մեկնաբաններն ու սպորտի սիրահարները, բասկետբոլի մոլի երկրպագուները դեռ բազմիցս կանդրադառնան ու այլազան տեսակետներ կարտահայտեն, գնահատականներ կտան։ Թեպետ, վախենամ, տոտալիզատորական մոլուցքով եւ վարկանիշային ցուցիչներով համակված ու նույն կերպ մտածող մեկնաբանների եւ մարզասերների արձագանքները մոլորվեն վիճակագրական սառը տվյալների եւ «ավանդական» նիհիլիզմի միջանցքներում։
Մեր կողմից նկատենք, որ այս մրցաշարում «Հատիսը» անցկացրեց 8 հանդիպում, տարավ 3 հաղթանակ, այդ թվում՝ Ստամբուլում անակնկալի բերելով թուրքական «Բեշիկթաշին» (մի բան, որ, ցավոք, չկարողացան անել հայ ֆուտբոլիստները), կրեց 5 պարտություն։ Բայց, ամեն դեպքում, «Հատիսը» մաքառեց մինչեւ վերջ, եթե նույնիսկ պարտվեց, ապա համառ պայքարում, եւ հիմնականում սահմանափակ թվով բարձրակարգ մարզիկներ ունենալու պատճառով։
Այնուհանդերձ անդրադառնանք երեւույթի հասարակական կողմին։ Իսկ այստեղ իրոք կան հետաքրքիր զուգահեռումներ ու դիտարկումներ։ Ինչի՞ համար՝ շնորհակալություն։ Նախեւառաջ, իհարկե, ցնծություն եւ հաղթանակի բերկրանք պարգեւելու համար։
Երկրորդ. «Հատիսի» ելույթները, հատկապես հաղթանակները, մրցասպարեզում դրսեւորած մարտական ոգին ասես ձեռքի մի շարժումով փոխանցվեց, ինչպեսեւ կարելի էր սպասել, պատանիներին ու հատկապես դեռատի աղջիկներին։ Մեկ կամ երկու հոգուց չէ, որ այս օրերին լսել եմ, թե իրենց երեխաները, հատկապես աղջիկները ցանկանում են բասկետբոլով զբաղվել, հետաքրքրվել են, թե որտե՞ղ կարելի է լավ մարզիչներ գտնել։ Այսինքն՝ ոգեւորությունը փոխանցվել է, եւ արժե ճիշտ հուն ուղղորդել այն։
Եթե կուզեք, «Հատիսի» հաջող եւ տպավորիչ ելույթներն ու դրանցից ծագած ոգեւորությունը յուրօրինակ հակակշիռ են օրնիբուն անառողջ կյանքի ու բարքերի հեռուստա-ահաբեկչության ալիքի «տակ ընկած» դեռահասների համար։
Կա եւս մի հանգամանք, որ տողերիս հեղինակի տեսանկյունից, առավել գնահատելի է. «Հատիս» երեւույթը մի լավ հարված էր այն կարծրացած ու անհեթեթագույն մտասեւեռմանը, թե «թիմային մարզաձեւերը մեր բանը չեն», թե «մենք թիմային ոգի չունենք», եւ այդպես շարունակ։
Գիտեմ, հիմա շատերը կասեն՝ ախր, «Հատիսը» բացառապես իր այլազգի մարզուհիների, այսպես կոչված, «լեգեոնականների» շնորհիվ հասավ հաջողության։ Դա, ինչ խոսք, այդպես է։ Բայց եթե «թիմ» ասվածին ավելի լայն նայենք, նկատի ունենալով ոչ միայն մարզուհիներին, այլեւ ակումբն ամբողջությամբ, ապա վերոհիշյալ պնդումներն ուղղակի կխարխլվեն աչքի առաջ։
Ի դեպ, այդ կապակցությամբ արժե հիշեցնել լուսահոգի Յան Պորտերֆիլդին. այդ մարդը շատ կարճ ժամանակում, մեր աչքի առաջ լրիվ կերպարանափոխեց Հայաստանի ֆուտբոլի հավաքականը. մենք մի կարճ ժամանակահատված իսկապես թիմ տեսանք՝ մարդկանց, որ ասպարեզ են ելել նույն նպատակով, նույնպիսի տրամադրվածությամբ եւ իրենց առաջ դրված խնդիրը պատվով կատարելու հաստատակամությամբ։
Մյուս կողմից, ըստ էության, ի՞նչ արեցին Հայաստանում բասկետբոլը մասամբ (նկատի ունենք կանանց ակումբի պարագան) վերականգնելու, այդ մարզաձեւը վերստին զանգվածային հետաքրքրության առակա դարձնելու խնդիր հետապնդող համախոհ անհատները։ Նրանք հավակնոտ նպատակներ դրեցին իրենց առաջ, գտան եւ հրավիրեցին պատվախնդիր ու, դատելով արդյունքներից, բարձրակարգ գլխավոր մարզչի, նրա եւ մյուս մասնագետ մարզիչների հետ շատ կարճ ժամանակում կարողացան «գտնել» ու հրավիրել նորմալ, աչքի ընկած մարզիկների, ամենակարեւորը՝ նրանց բոլորին համախմբեցին նույն նպատակի շուրջ, հաղորդեցին իրենց ոգեւորությունն ու ապահովեցին այնպիսի պայմաններ, որոնք համերաշխության լավ մթնոլորտ ստեղծեցին։
Հիմա փորձենք դա զուգահեռել մեր կյանքի այլ իրողությունների վրա։ Վերցնենք, օրինակ, կրթության ոլորտը։ Թեկուզ՝ միջնակարգ։ Որեւէ մեկը կարո՞ղ է քիչ թե շատ հստակ ասել, թե այդ ոլորտում մեր պետությունն ու ոլորտի պատասխանատուներն ինչ խնդիրներ ու նպատակներ են դրել։ Դատելով նրանից, ինչ տեսնում ենք եւ ունենք՝ միակ նպատակը անդադար ու անհասկանալի «բարեփոխումներ» անելն է։ Ըստ որում, չի երեւում, թե կա թիմ, որը գիտե ի՛նչ է անում, ինչո՛ւ է անում եւ, ի վերջո, ի՛նչ արդյունքի է ուզում հասնել։ Լավ, թողնենք կրթությունը, որ առանց այդ էլ բզկտված է՝ վատ վարսավիրի անփորձ աշկերտներին մշտապես «տրամադրվող» որբի մազերի նման։
Դիտարկենք այնպիսի մի մոռացված բնագավառ, ինչպիսին է արտադրությունը, լինի ծանր, թե թեթեւ արդյունաբերություն։ Որեւէ մեկը կարո՞ղ է ասել, թե, ասենք, մի 5-10 տարվա հեռանկարով հատկապես ի՛նչ նպատակներ է դրել իր առաջ մեր պետությունը, կամ, ասենք, էկոնոմիկայի նախարարությունը։ Լավ, ենթադրենք, ամեն ինչի տարածաշրջանային կենտրոն դառնալու ինչ-որ հավակնոտ, անգամ ֆանտաստիկ շարադրանքներ կան։ Բայց ո՞ւր են այդ ամենն իրագործելու ցանկությամբ համակված մարդիկ, ամենկարեւորը՝ այդ իրագործման մեջ նետված, նույն գաղափարների շուրջ համախմբված, հստակ իրենց խնդիրն ու կոնկրետ անելիքն իմացող մարդիկ, այսինքն՝ թիմը։
Ցանկության դեպքում կարելի է շարունակել։ Եւ դա, ցավոք, ամենեւին դժվար չէ, քանզի օրինակների պակասություն չի զգացվում։ Հայրենի քաղաքական ուժերի մասին ընդհանրապես չարժե խոսել։ Հարց չկա՝ ծանր դեպք է։ Եւ, ամենայն հավանականությամբ, նման ծանր դեպքերն են հնարավորինս կարծրացրել անմիաբան, ցաքուցրիվ, համախմբման ոչ ենթակա լինելու, մի խոսքով, «թիմայինը մեր բանը չէ»-ի կարգի մտասեւեռումները։
Բայց չէ՞ որ հենց մեր կյանքում, ոչ այնքան վաղուց, կան հրաշալի օրինակներ, թե ինչպիսի զորեղ ուժ է համախմբումը, միասնական ու համերաշխ գործունեությունը, երբ յուրաքանչյուրը ձգտում է հնարավորինս հստակ ու լավ կատարել իր պարտականությունը։ Շատերից երկու կոնկրետ օրինակ նշեմ։ Շուշիի ազատագրումը։ Մի՞թե առանց համախմբվածության ու բոլորով նույն նպատակին հասնելու իրական ցանկության այդ սխրանքը հնարավոր կլիներ, այն էլ՝ նման սահմանափակ ուժերով ու նման աննպաստ պայմաններում։
Մեկ այլ օրինակ. խորհրդային տարիներին այդպես էլ չհաջողվեց կառուցել Դիլիջան-Սեւան մայրուղին կրճատող ավտոմոբիլային թունելը։ Բայց մի քանի տարի առաջ, բարձրակարգ ճարտարագետների, բանիմաց թունելագործների համախմբված եւ նվիրված աշխատանքը տվեց իր պտուղը՝ իրականություն դարձնելով այն, ինչն անհնարին էր թվում տասնամյակից ավելի։
Այնպես որ, ինչքան էլ փոքր ածու ենք, բայց «թիմը» լավ էլ մեր բանն է, երբ դադարում ենք իրար անդադար «ուտելուց», համախմբվում ենք կոնկրետ նպատակի շուրջ, երբ մի քիչ հավատում ենք մեր ուժերին, կենտրոնանում կոնկրետ խնդիր լուծելու վրա, դրա համար էլ ներգրավում իրենց գործն իմացող մարդկանց։
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ, «Հայոց Աշխարհ»




