
Արագած լեռը հրաբխային քառագագաթ լեռ է Հայաստանի կենտրոնական հատվածում։ Ամենաբարձր կետը հյուսիսային գագաթն է, որն ունի 4090.1 մետր բարձրություն։ Այն շրջապատից մեկուսացած, վահանաձև փռված մի զանգված է՝ մոտ 200 կմ շրջագծով։ Հովհարաձև տարածված լանջերի հետ միասին գրավում է մոտ 4000 կմ² տարածություն Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան ու Քասախ գետերի միջև։ Երեք կողմից նրան հարևան են հյուսիսից՝ Շարայի, արևելքից՝ Արայի, հարավ-արևմուտքից՝ Մեծ Արտենի լեռները։ Եղել է պատմական Մեծ Հայքի Արագածոտն, Շիրակ և Նիգ գավառների սահմաններում։ Այժմ մտնում է Արագածոտնի և Շիրակի մարզերի տարածքում (ՀՀ տարածքի հս-արմ-ում)։