.webp)
Ուշիի Սուրբ Սարգիս վանք - այն հայկական խոշոր վանքային համալիր է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ուշի գյուղում։ Միջնադարում եղել է հոգևոր կրթության կարևորագույն կենտրոններից մեկը։ Ընդգրկված է Ուշիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Սուրբ Սարգսի վանական համալիրը, որը հիմնադրվել է 5-7-րդ դարերում Ուշի գյուղից 1 կմ արևմուտք` բարձունքի վրա։ Վանքի մասին վկայում են Պատմահայր Մովսես Խորենացին և Ղևոնդ Ալիշանը։ Համալիրը կազմում են երկու եկեղեցի, գավիթը, պարսպապատերը, օժանդակ շինությունները։ Հիմնադրվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից, ով ս. Սարգսի աճյունը բերել է նախ Կարբի, ապա Ուշի և սրբի մասունքների վրա հիմնել եկեղեցին։ Հնագույնը Ս. Սարգիս միանավ թաղածածկ եկեղեցին է, որի պայտաձև Ավագ խորանից մուտք կա դեպի հյուսիսից կից ավանդատուն։ Պատերի ստորին՝ վաղմիջնադարյան մասը շարված է կոպտատաշ բազալտ քարով, իսկ վերին մասը 1203-ին վերակառուցվել է սրբատաշ սև տուֆով։ XII դ. վերջին - XIII դ. 1-ին կեսին Ս. Սարգիս եկեղեցուն հվ-ից կից, մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածքով կառուցվել է վանքի գլխավոր ստորին մասը, բուսական և երկրաչափական զարդաքանդակներով արմտ. և հվ. շքամուտքերը, շքեղ քանդակազարդ բեմառաջքը, առանձին մանրամասներ (գմբեթի բազմանիստ թմբուկի զարդագոտու ու քիվի բեկորներ ևն)։ Եկեղեցու Ավագ խորանը և առաստաղը ծածկված են եղել որմնանկարներով, շենքի գեղարվեստական արտահայտչականությանը նպաստել է նաև բազմագույն քարերի օգտագործումը։
Թողնել մեկնաբանություն