Շաքիի ջրվեժ կամ Շաքե, գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում, Շաքի գետի վրա, Որոտանի կիրճում, Շաքի գյուղից ներքև, 1 կմ հարավ, Սիսիանից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Բարձրությունը 15-17 մ է։ Ջրվեժի տեղանքը իրենից ներկայացնում է խորը կիրճ՝ հարուստ ժայռերով և քարայրներով։ Դրանցում հայտնաբերվել են մարդու գործունեության հետքեր, ինչպես նաև մոխիր, որը թվագրվում է պալեոլիթի ժամանակաշրջանին։ Գեղատեսիլ է։ Գետի ջրի մեծ մասը տարված է Շաքիի ՀԷԿ, ջրվեժով թափնում է նրա փոքր մասը։
Շաքիի Ջրվեժ
Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն։
Թշնամիները Գեղարքունի գավառից 93 կույս աղջիկ են ուղարկում Մուղանում բանակ դրած իրենց առաջնորդին։ Երբ գերի աղջիկների քարավանը հասնում է այստեղ, դիմելով իրենց առևանգիչներին, նրանք ասում են՝ «Մենք երկար ճանապարհին շատ փոշոտվել ու կեղտոտվել ենք, թույլ տվեք գետում լողանանք, նոր ներկայանանք ձեր մեծին»։ Առևանգիչները համաձայնում են։ Աղջիկները մերկանալով նետվում են Որոտանի ալիքների մեջ և սուզվելով անհետանում։ Միայն Շաքե անունով մի կապուտաչյա աղջիկ Որոտանը թափվող գետակի միջով փախչելով, փորձում է ազատվել։ Թշնամիները հասնում են նրա ետևից, սակայն նույն վայրկյանին գետակի մեջ հրաշքով մի ժայռ է խոյանում, և ջուրը նրա վրայով գահավիժելով, իր ճերմակ փրփուրների տակ թաքցնում է Շաքեին։ Դրանից հետո այդ ջրվեժն ու նրա մոտ գտնվող գյուղը կոչվում են Շաքեի անունով։
Լուսանկար։ Հատիս Տուր
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։
Թողնել մեկնաբանություն