Պատմիչները հիշատակում են Թանահատի վանքը (Թանադեհի) 8-րդ դ.-ից։ Այն եղել է միջնադարյան Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոններից։ Վանքի գլխավոր եկեղեցին` Սբ Ստեփանոսը, կառուցվել է 1273-1279 թթ.` Պռոշյան իշխանների հովանավորությամբ։ Այն ներքուստ խաչաձև է, չորս անկյուններում ավանդատներով (արևելյան-ները երկհարկ են), արտաքուստ` ուղղանկյուն, 12-նիստանի սլացիկ թմբուկով և հովանոցաձև վեղարով գմբեթով։ Հարավային պատին քանդակ-ված է Պռոշյանների զինանշանը` արծիվ, ճանկերում` գառ։
Թանահատի Վանք
Հուշարձանին հյուսիսից կից է Սբ Նշան միանավ եկեղեցին` կառուցված 13-րդ դ.։ Ուշագրավ է մուտքի բարավորի որսի տեսարան պատկերող բարձրարվեստ հարթաքանդակը։ 1970 թ. վանքի հարավարևմտյան կողմում պեղումներով բացվել են զույգ ավանդատներով միանավ եկեղեցի, աշխարհիկ շենքեր և 13-14-րդ դդ. բազմաթիվ տապանաքարեր, իսկ արևմտյան կողմում` քառակուսի հատակագծով գավիթ։
Գիտնականների մի մասի կարծիքով` այս վանքին կից գործել է Գլաձորի համալսարանը` միջնադար-յան Հայաստանի ամենանշանավոր կրթական հաստատությունը, հիմնադրված 1282 թ., որտեղ ուսումնասիրել են բնագիտություն, մաթեմատի-կա, աստվածաբանություն, երկրաչափություն, աստղաբաշխություն, տոմարագիտություն, մանրանկարչություն և այլ առարկաներ։ Գիտնա-կանների մեկ այլ խումբ կարծում է, որ Գլաձորի համալսարանի տեղը (աղբյուրներն այն անվանում են Աղբերց վանք) դեռևս անհայտ է։
Գլաձորում ուսանել են պատմիչ Ստեփանոս Օրբելյանը, փիլիսոփաներ Եսայի Նչեցին և Հովհան Որոտնեցին, ճարտարապետ Մոմիկը, մանրանկարիչներ Թորոս Տարոնացին և Ավագը։
Լուսանկար։ Հատիս Տուր
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։
Թողնել մեկնաբանություն