
Առաջին վերելքը Արարատի գագաթ
Եվրոպական բազմաթիվ ճանապարհորդներ ու աշխարհագրագետներ բացառիկ հետաքրքրություն էին ցուցաբերում Հայկական լեռնաշխարհի, հատկապես նրա արևելյան մասի նկատմամբ: Նրանց մասնավորապես հետաքրքրում էին Արարատ լեռն ու Արարատյան դաշտը, որոնք, բիբլիական առասպելի համաձայն, համարվում էին ետջրհեղեղյան մարդկության տարաբնակեցման կենտրոն: Եվրոպական ճանապարհորդները Արարատ լեռը համարում էին մարդկանց համար լրիվ անհասանելի մի լեռ: Նրանց շարադրած նյութերում անպայմանորեն խոսվում էր վերամբարձ գագաթի խիստ զառիթափ, անանցանելի լանջերի, հավերժական սառցադաշտերի մասին: Համեմատաբար ավելի ստույգ տեղեկություններ Արարատի վերաբերյալ Եվրոպա բերեցին ֆրանսիական ճանապարհորդներ Ժան Շարդենը (1673թ.) և Պիտոն դե Տուրնեֆորը (1701 թ.): Բայց սրանք էլ խոսում էին լեռան անհասանելիության մասին: Փոխանցվելով սերնդից սերունդ՝ էլ ավելի ամրապնդվեց ստեղծված առասպելը և ստացավ կրոնի անժխտելի դրույթի ուժ: